Աղոթում եմ իմ Աստծուն, որ պահպանի մեր ընտրելու իրավունքը․ Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Քերոբյան

ՀՀ էկոնոմիակյի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր երազանքի երկիրը

Արդեն 33 տարի է, ինչ մեր ազգը փորձում է կառուցել սեփական ազատ և ուժեղ երկիր, մի երկիր, որտեղ ապրելն հաճելի է, արարելը՝ տրամադրող, որտեղ գերիշխում են սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ, կրթությունը հարգի է, իսկ գողությունը՝ խայտառակություն, ձեռնարկատիրությունը խրախուսվում է, իսկ կաշառակերությունը՝ պատժվում, որտեղ մարդիկ ազատ են, և հանգիստ կարող են ընտրել իրենց ապրելու վայրը, զբաղմունքը և իրենց կառավարությունն ու ազգային ժողովը՝ իրենց ծառայողներին։

Մենք շատ զրկանքներ ենք կրել այս ճանապարհին, ոչնչացրել ենք Սովետական Հայաստանի համարյա ողջ տնտեսությունը, հրաշալի մարդիկ սփռվել են ամբողջ աշխարհով, մեծ մասամբ կորցրել ենք մեր գիտությունը, կրթությունը, մշակույթը, առողջությունը, կորցրել ենք մեր հաղթանակն ու մեր հողերը։

Փոխարենը մենք ունենք բաղձալի ազատություն, ընտրելու իրավունք և մեր երազանքների երկիրը կառուցելու հնարավորություն։

44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող յոթ ամսում ես ծառայել եմ իմ ազգին՝ ի պաշտոնե, և կարող եմ խոստովանել, որ ամեն օր զարթնել եմ զոհված հերոսների հիշատակը՝ սրտումս, ազգիս ծառայելու մղումը՝ մտքումս, և հայրենիքի նկատմամբ սերը՝ հոգումս։ Ես հանդիպեցի բազմաթիվ հրաշալի մարդկանց, ովքեր լցված էին նույն այդ սիրով և ազատ ու ամուր հայրենիք կառուցելու հաստատակամությամբ։

Մենք պարտվել ենք ճակատամարտում, բայց կա արդյո՞ք մեկը, կամ մի ազգ, որ միշտ հաղթել է իր պատմության ընթացքում։ Ոչ իհարկե, բայց այսօրվա ազատ ազգերից յուրաքանչյուրն էլ միշտ փայփայել է ազատության վերջին հյուլեն ու կառուցել է իր ապագան։

Աղոթում եմ իմ Աստծուն, որ պահպանի մեր ազատությունը, մեր ընտրելու իրավունքը և մեր երազանքների երկիրը կերտելու հնարավորությունը։

Ապագա կա՛»։

--00--ԱՀ