Խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ. «Հայաստան» դաշինք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News

Հայաստան

«Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Դաշինքի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցիn «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:

«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:

Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը:

Մեր դիտարկումները և դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:

Մասնավորապես.

Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ:

Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն:

Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:

Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:

Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:

Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»:

--00--ԱԹ