Կոտայքն արդեն Ծառուկյանի ազդեցության տակ չէ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդույթի համաձայն՝ Կոտայքի մարզը եղել է Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո, եւ ԲՀԿ-ն այս մարզում գրեթե բոլոր ընտրություններին առաջատարն է եղել․ 2017-ին, օրինակ, ՀՀԿ-ն հաղթել էր բոլոր մարզերում, բացի Կոտայքից, որտեղ ԲՀԿ-ն էր առաջատարը։ Միայն հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին այս ավանդույթը խախտվեց, եւ ԲՀԿ-ն զիջեց «Իմ քայլին»։

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով եւս Կոտայքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը ստացել է 63 հազար 388 ընտրողի քվե կամ ձայների 52.51 տոկոսը։ Երկրորդ տեղում Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ ստացել է 25 հազար 622 քվե կամ 21.23 տոկոսը, իսկ ԲՀԿ-ն երրորդ տեղում է՝ 9 հազար 760 ձայնով կամ ընտրողների 8.09 տոկոսի քվեով։ «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 4 հազար 282 քվե կամ ձայների 3.55 տոկոսը։

Արձանագրենք, որ ստեղծման պահից՝ 2004 թվականից սկսած, սա առաջին խորհրդարանական ընտրությունն է, որի ժամանակ ԲՀԿ-ն չի անցել խորհրդարան։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ստացել է 50 հազար 416 ձայն՝ քվեների 3,96 %-ը։ Մինչդեռ 2007 թվականի ընտրություններում ստացել էր 204 հազար ձայն, 2012 թվականին՝ 454 հազար, 2017-ին՝ 428 հազար, իսկ 2018-ին՝ 104 հազար ձայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս