Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեններ են կամավոր հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ նախատեսված 5,45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և գնդացրի պահունակ, որը պահել էր նկուղում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Խանջյան գյուղի բնակիչներից մեկը հանձնել է հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինչպես և տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Մեծամորի նաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Մայիսյան գյուղի բնակիչներից մեկը հանձնել է երկփողանի հրացան, նռնակ, նռնակի պայթուցիչ ու ինքնաձիգի փամփուշտներ։

Պայթուցիչներով նռնակները, ինքնաձիգի պահունակն ու տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտը ոստիկանության Աշտարակի բաժնում հանձնել է Նոր Ամանոս գյուղի մի բնակիչ: Արդյունք է տվել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Երևանի Ռուբինյանց փողոցի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 160 փամփուշտ։

Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Ռայնիսի փողոցի բնակիչներից մեկն էլ  հանձնել է տարբեր տիպի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00--ԱԹ