Ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Սահակյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես այսօր կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Նաև կուզենայի լսել, թե ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձ լսելիության, հասանելիության ավելի բարձր մակարդակ ունենան: Եվ եթե այլ մտքեր ունեք, իհարկե նաև՝ այդ մտքերը:

Սուրեն Սահակյան - Շնորհակալություն հրավերի համար, պարոն վարչապետ: Շատ կարևոր հարց եք բարձրացնում: 2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

--00—ՄՀ