Հ1-ը 1 անձից 427 մլն դրամի գնում է կատարել․ նպատակը նոր հեռուստաալիքի ստեղծումն է․«168․am»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

հանրային

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել Հանրային հեռարձակողի խորհրդից լրատվական հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ ձեռք բերելու համար։ Պայմանագիրը կնքել են Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, գրում է «168․am»-ը։

Ըստ աղբյուրի՝ գնումն իրականացվել է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, ըստ որի՝ գնումը կարող է կատարվել 1 անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն 1 անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ այս գումարը «Հանրային հեռուստաընկերություն»  ՓԲԸ-ին հատկացվել էր դեռևս ապրիլի 15-ին Կառավարության որոշումներից մեկով, որն ընդգրկված էր օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց։ Գումարի հատկացման նպատակը նոր լրատվական հեռուստաալիքի ստեղծումն է։ Գումարի հատկացմանը դեմ է եղել ֆինանսների նախարարությունը և ներկայացրել է առարկություններ։

--00—ԼՄ