Գերությունից վերադարձած Էրիկն ու Ալբերտը եղբայրներ են․ Արտակ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Պատերազմ

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գերությունից Հայաստան վերադարձած տղաներից մեկը՝ Էրիկը, Ալբերտի եղբայրն է, սակայն այդ մասին մինչ օրս չեն բարձրաձայնել՝ տղայի անվտանգության նկատառումներով.

«2020թ-ին, երբ պատերազմական գործողությունները սկսվեցին, Ջրականի (Ջաբրայիլ) նույն զորամասում էր գտնվում նաեւ Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան՝ Գասպարյան Էրիկը։ Ալբերտն ու նորակոչիկ Էրիկը մեկ անգամ էին հասցրել իրար տեսնել ու հարազատական հանդիպումից ոգևորվել, երբ Արցախում խաղաղությունը խաթարվեց։ Էրիկին էլ շատ երկար ենք փնտրել, լուրեր չկային ու երբ փաստեր հայտնվեցին, որ գերության մեջ է հայտնվել, Ալբերտի ու Էրիկի միջեւ բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի ու բոլորին հորդորում նույնն անել՝ Էրիկի իսկ անվտանգությունից ելնելով։

Փառք Տիրոջը, Էրիկն արդեն տաս օր է հայրենիքում է, մեր կողքին։

Եվ այսօր Էրիկի հետ Ալբերտի ամենասիրելի վայրում ենք՝ Հաղարծնի վանական համալիրում. էստեղ Ալբերտի ներկայությունը անբացատրելի ձևով զգում ես ու նրանց հանդիպումը, ցավոք, էսպես կայացավ։

Մենք աղոթեցինք գերության մեջ գտնվող մյուս հայրենակիցների և անհայտ կորած զինվորների համար։

Պատերազմի արհավիրքն հաղթահարած տղե’րք, Էրիկ ջան, ձեր ցավը տանեմ, դուք միայն ձեր ապրած տարիներով եք երիտասարդ, բայց անասելի անգամ ուժեղ եք ու հզոր»,-գրել է Արտակ Հովհաննիսյանը։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս