Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է ազատ արձակվեն. իտալացի պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

գերիներ

Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների: «Արմենպրես»-ը ներկայացնում է իտալացի պատգամավորների հայտարարությունը.

«Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների՝ նրանց քաղաքական բանակցություններում օգտագործելու համար՝ Թուրքիայի աջակցությամբ: Տեղեկացել ենք, որ մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների զրույցի մի մտահոգիչ տեսանյութ, որը հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում հայ գերիները անօրինական են պահվում և օգտագործվում են ականապատ տարածքների քարտեզների կամ այլ զիջումներ դիմաց փոխանակման համար։ Այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ է պարզություն և հրատապ ու խիստ դիրքորոշում բոլոր միջազգային գործընկերների կողմից` դադարեցնելու համար մարդկային կյանքերի վերաբերյալ շահարկումները: Ակնկալում ենք, որ մեր կառավարությունը շուտափույթ իր ձայնը լսելի դարձնի՝ իր դիրքորոշումը հայտնելով ընդդեմ նրանց, ովքեր շարունակում են խախտել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր դրույթները։ Ուստի պահանջում ենք, որ բոլոր ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձիք անմիջապես ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց նախապայմանների»:

--00—ՄՀ