Հարկադիր կատարման ծառայությունը և Բանկերի միությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ստորագրել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև Ծառայության վարչական շենքում ստորագրվել է հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացման շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, տեղակալներ Լևոն Բալյանը, Արամ Կարախանյանը, Արթուր Վարդանյանը, ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը, գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և Ծառայության ղեկավար այլ անձինք:

Համագործակցության նպատակն է կատարողական վարույթին առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ հանդես գալ համատեղ կատարողական վարույթներին առնչվող նախաձեռնություններով։

Սերգեյ Մեղրյանը, կարևորելով Հայաստանի բանկերի միության հետ սպասված համագործակցությունը, նշել է․ 

«Ուրախ եմ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի բանկերի միության հետ մեր համատեղ աշխատանքային շարունակական քննարկումները տվեցին իրենց արդյունքը և այսօր ստորագրված հուշագիրը  կարևոր ձեռքբերում է Ծառայության և Հայաստանի բանկերի միությանմիջև համագործակցությունը նոր փուլ տեղափոխելու առումով։ Վստահ եմ՝ հուշագրում ամրագրված դրույթների ուղղությամբ մեր համագործակցությունը շոշափելի կլինի արդեն մոտ ապագայում»։

Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիական գործիքների համալրմամբ և կատարելագործմամբ Ծառայությունում գործող էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն կստեղծվի ապահովել Ծառայության ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող շահառուների համար կատարողական վարույթների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը։ Էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ էլ կստեղծվեն Ծառայության գործունեության հաշվետվողականության, թափանցիկության, մատչելիության և արդյունավետության  բարձրացմանը միտված նախադրյալներ։

«Բանկերը բավականին մեծ փոխգործակցության դաշտ ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ և վստահ եմ` այսօր կնքված հուշագիրն ավելի արդյունավետ կդարձնի մեր հետագա համագործակցությունը»,- նշել է ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը, ապա հավելել, որ Հուշագիրը կողմերի համար ստեղծում է մի հարթակ՝ տեխնոլոգիական նորագույն լուծումների ներդրման միջոցով ապահովելու անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն ու փաստաթղթաշրջանառությունը։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ իր հերթին նկատել է, որ  ստորագրված փաստաթղթով երկու կառույցների միջև դրվել է փոխշահավետ համագործակցության նոր սկիզբ:

 «Առևտրային բանկերը ՝ ի դեմս Միության, իրենց պատրաստակամությունն են հայտնում  մասնակցել մի  նախաձեռնության, որի նպատակն է ստեղծել  ՀՀ-ում գործող առևտրային բանկերի և նրանց հաճախորդների շահերի և անձնական տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ, ապահովել առևտրային բանկերի մասնակցությամբ կատարողական վարույթների թափանցիկությունը և նպաստել վարույթների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նա:

Փոխըմբռնման հուշագրի նպատակներից ելնելով՝ հանդիպման շրջանակներում ստորագրվեց նաև պայմանագիր՝ ՀԲՄ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ժամանակակից ավտոմատացված ծրագրային համակարգը ստեղծող մասնագիտացված կառույցի միջև:

--00--ԱԹ