Երևանի քաղաքապետի կարգադրությամբ կրկին ապօրինի շինություններ են ապամոնտաժվել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Այսօր՝ երեկոյան, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:

Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:

Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում: Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:

Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:

Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից:

--00—ԼՄ