«Լույս գերեզման» սրբատեղիում 41-ամյա տղամարդուն սպանած կասկածյալը ներկայացել է բաժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնակված գործողությունների շնորհիվ ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Կոտայքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արսեն Սիմոնյանը, գրում է shamshyan.com-ը։

Վերջինս կասկածվում է հունիսի 15-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» սրբատեղիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչը՝ 41-ամյա Սուրեն Դավթյանին սպանելու մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Ա. Սիմոնյանը ոստիկանության Կոտայքի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Թաթոյանի որոշմամբ ձերբակալվել է։

Այսօր՝ հունիսի 24-ին, քննիչը միջնորդություն է ներկայացնելու Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմանում «Աբովյան» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։

Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։ Նա մահացու մարմնական վնասվածքներ էր ստացել էր նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմանում, Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին դանակ (ըստ նախնական տեղեկության՝ հնարավոր է՝ դա հանցագործության գործիքը լիներ), արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։ 

--00—ԼՄ