Ամենաուժեղ ընդդիմությունն այս խորհրդարանում էր, հաջորդ ընդդիմությունը չունի այդ պոտենցիալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

«Չեմ ափսոսում, որ չեմ մասնակցել ընտրություններին, որոշումս եղել է ինքնուրույն: Ես մնում եմ քաղաքականության մեջ, մեր թիմն ունի ծրագրեր, որում ես էլ եմ ներգրավված և կարող եմ այդ ծրագրերի վրա ազդել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունների վերընտրվելու պարագայում արդյո՞ք չի ափսոսում, որ հրաժարվել է պատգամավորի մանդատից: 

Անդրադառնալով հարցին, թե կարծիքներ կան, որ այս խորհրդարանական ընդդիմությունն ավելի ուժեղ է լինելու և դժվարեցնելու է իշխանության գործունեությունը, պատգամավորը նշեց, որ Ազգային ժողովի 7-րդ գումարման ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի, ամենաուժեղն էր։

«Կային անհատ պատգամավորներ, որոնք լավ էին տիրապետում օրենսդրությանը և գործիքակազմին: Հույս ունեմ, որ այդ սուբյեկտները, դառնալով պատգամավոր, կվերանայեն իրենց հռետորաբանությունը և այն բառամթերքը, որն օգտագործում են, կթողնեն փողոցում  և ձեռնամուխ կլինեն օրենսդիր մարմնի աշխատանքին: Բայց ճանաչելով որոշ պատգամավորների՝ չեմ հավատում, որ կկատարեն աշխատանքն այնպես, ինչպես, օրինակ, անում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Տարոն Սիմոնյանի․ նա մեծ ազդեցություն ուներ ընդունված օրենքների վրա: Այս խորհրդարանական ընդդիմությունը  չի կարողանալու դա անել, չունի այդ պոտենցիալը»,-նշեց Բաղդասարյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ