Հայաստանի քաղաքական գործիչները ոչ թե իրավիճակից ելքեր են որոնում, այլ՝ մուտքեր․ Իշխանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

Իշխանյան

Ընտրություններ կոչված ֆարսին տասնյակ քաղաքական մանրավաճառներ, ներեցեք՝ գործիչներ մասնակցում էին նախապես իմանալով իրենց ֆիասկոյի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Նրանց տրվել էր հանձնարարություն, հավանաբար նաև որոշակի գումար «ընտրություններին» մասնակցելու և «նախկիններին» քննադատելու համար։

Նրանք էլ փայլուն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Այժմ էլ որպես երախտագիտություն, պատվեր տվողը նրանց հրավիրում է հանդիպման և նրանք հպատակի նման խոնարհվում են հպարտված ղժղժանի առջև։ Կարդալով ԱԺ խցկված դաշինքի առաջնորդի խոսքերը, կարծում եմ, որ այն նույնպես յուրատեսակ խոնարհման ժեստ էր, հավանաբար նա կստանա ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ Սպասե՞նք նաև մյուս, առայժմ արմատական ընդդիմադիր դաշինքի որոշ անդամների խոնարհմանը նույնպես․․․

Հիշեցի տարիներ առաջ իմ իսկ հեղինակած խոսքը․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ, ԱՅԼ՝ ՄՈՒՏՔԵՐ»,- գրել է Իշխանյանը։

--00--ԱՀ