Արցախը զոհաբերվեց պոպուլիզմին․ «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 26,  24News

Փաշինյան

«168 ժամ» թերթը գրում է․ 

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Արցախի հարցը գործնականում դուրս դրվեց հայկական քաղաքական օրակարգից։

Ընտրողների ընդհանուր թվի 25 տոկոսից մի քիչ ավելի ձայներով իր իշխանությունը պահպանեց Արցախի 75 տոկոսը հանձնած քաղաքական ուժը, որը, միևնույն ժամանակ, պատրաստ է ոչ միայն Արցախի մնացած մասի, այլ նաև Հայաստանի տարածքի հետ կապված ցանկացած զիջման՝ տնտեսական հեռանկարների, թվացյալ ավելի բարեկեցիկ կյանքի հնարավորության դիմաց։ Անցած ընտրություններով Արցախը զոհաբերվեց լավ կյանքի հեռանկարին, որը, չնայած խիստ մշուշոտ է, այդուհանդերձ ավելի գրավիչ է հասարակության համար, քան Արցախի հարցը, ինչը պահանջում է զրկանքներ։ Ուստի նոր ձևավորված ստատուս-քվոյի շրջանակներում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող, առաջին հերթին, խորհրդարանական, բայց ոչ միայն խորհրդարանական ուժերի խնդիրը պետք է լինի՝ Արցախի հարցը վերադարձնել քաղաքական օրակարգ։

Դա չափազանց բարդ խնդիր է լինելու, քանի որ ցանկացած նման փորձի իշխանությունը քարոզչական և ոչ միայն քարոզչական միջոցներով հակադրելու է «լավ կյանքը» և Արցախի հարցի որևէ հիշատակում ներկայացնելու է՝ որպես լավ կյանքի դեմ ուղղված ոտնձգություն։

Որքան էլ ցավալի, այդուհանդերձ իրողություն է, որ Արցախի հարցն այլևս պոպուլյար չի լինելու հայ հասարակության շրջանում։ Պոպուլիզմը, ի թիվս այլ արժեքների, խժռեց նաև Արցախը և առաջիկայում շարունակելու է այն՝ սկզբում քաղաքական օրակարգից, ապա նաև՝ մարդկանց մտքերից ու հոգիներից հանելու համար։

Տասնամյակներ շարունակ հայկական քաղաքականության մեջ կար երկու հակադիր մոտեցում՝ առանց Արցախի հարցի լուծման հնարավոր չէ տնտեսական զարգացում ապահովել, և հակառակը՝ միանգամայն հնարավոր է տնտեսապես հզորանալ նաև ղարաբաղյան հակամարտության առկայության դեպքում։ Նիկոլ Փաշինյանը գործնականում իրականացրեց առաջին մոտեցումը՝ այն տարբերությամբ, որ ոչ թե լուծեց Արցախի խնդիրը, այլ ուղղակի ձերբազատվեց Արցախից։

Մարդիկ դա տեսան, լայն իմաստով չընդվզեցին և քվեարկեցին հանուն նրա, որ առանց Արցախի ապագայում ավելի լավ ապրեն։ Հասարակությունում, որում թվացյալ լավ ապրելը համարվում է գերագույն արժեք, դրա դեմ ուղղված ցանկացած քայլ ընդունվելու է սվիններով։ Եվ եթե ընդդիմությունը նույնպես տուրք տա հանրային այդ մեյնսթրիմին ու կենտրոնանա միայն լավ ապրուստի վրա, ապա կարճ ժամանակ հետո կփոշիանան Արցախի հարցը քաղաքական օրակարգ վերադարձնելու անգամ աննշմար հույսերը։

Բոլոր նրանք, ովքեր մտադիր են Հայաստանում զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ, պետք է աչքի առաջ ունենան այս հեռանկարը և ընտրություն կատարեն Արցախի հարցը վերջնականապես փակելու պոպուլյար մոտեցման ու Արցախը քաղաքական օրակարգ վերադարձնելու ոչ ընտրահաճո, սակայն ազգային խնդրի միջև։ Այդ ընտրության արդյունքները գուցե ավելի կարևոր են, քան հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները, որոնք ամբողջությամբ իդենտիկ էին ադրբեջանական նպատակներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  --00—ՄՀ