ՀՀ և Ադրբեջանի իշխանության տեսակետներն Արցախի հարցում համընկնում են․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 26,  24News 

Տիգրան Աբրահամյան

Քարոզարշավի ընթացքում, տարբեր հարթակներում, ինձ ամենաշատը հնչող հարցադրումներից էր՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման գործընթացը, ո՞ր կետից պետք է սկսել, ի՞նչի հիման վրա և այլն, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Թվում է, թե դա մարդկանց հետաքրքրությունների առաջնային պլանում պետք է լինի, սակայն կարծում եմ, որ ոչ։ Գործող իշխանություններն իրականում Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կամ չեն խոսում կամ ինչ-որ կցկտուր ձևակերպումներ հնչեցնում։ Իսկ հանրային պահանջ էլ չկա՝ հստակեցնելու կամ հասկանալու, թե ինչ է անելու իշխանությունն այս գործընթացի առնչությամբ։ Իշխանությունն, իհարկե, այս հարցի հետ կապված ունի դիրքորոշում, որը հրապարակային չի հնչեցնելու։
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։ Ովքեր կարծում են, որ Արցախի հարցը կամ դրա կարգավորումը միայն արցախահայությանն է վերաբերվում՝ չարաչար սխալվում են», - գրել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ Արցախի հարցն ուղիղ կապ ունի Հայաստանի և Հայաստանում ապրող ցանկացած հայի անձնական անվտանգության հետ և թեմայի այսպիսի անփառունակ փակումը ուղիղ սպառնալիք է յուրաքանչյուրիս համար։

--00—ՄՀ