Ակնայից Մարտունի. հողի մշակը շարունակում է զբաղվել ձմերուկի մշակմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Տնտեսական

Ստեփանակերտի բնակիչ Բորիս Սահակյանը, ով տասը տարի շարունակ Ակնայի տարածքում զբաղվել է ձմերուկի մշակմամբ, պատերազմից հետո իր գործունեությունը վերսկսել է Մարտունու քաղաքամերձ տարածքում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հողի մշակը պատմել է իր երկարամյա գործունեության մասին:

«Ձմերուկի մշակմամբ զբաղվում եմ 2012 թվականից, իսկ հայրս՝ 2000թ.֊ից։ Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մեր գործունեությունը ծավալում էինք Ակնայի տարածքում, քանի որ այդ տարածքներն անցել են թշնամու տիրապետության տակ, որոշեցինք Մարտունու քաղաքամերձ տարածքում վերսկսել այն, որովհետև այստեղ կլիմայական պայմանները համապատասխանում են ձմերուկի մշակմանը ու ճիշտ ժամանակին բերքը ստանալուն»,- նշել է Բ. Սահակյանը:

Նրա խոսքով՝ պետության կողմից ոչ մի աջակցություն չեն ստացել մինչ օրս, ամեն ինչ իրականացրել են սեփական միջոցներով:

«Պատերազմից անմիջապես հետո սեփական միջոցներով սկսել ենք հողատարածքի մաքրման աշխատանքները. այն 11 հա է։ Փետրվար ամսվա վերջին և մարտ ամսվա սկզբին պատրաստել ենք ջերմոցները, այնուհետև տեղում աճեցրել սածիլները: Աշխատանքները իրականացնում ենք տասներկու հոգով»,- հավելել է մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ հունիսի 20-ին արդեն առաջին բերքը վաճառքի են հանել, և արդյունքը կարելի է բավարար համարել:

Տնտեսական
Տնտեսական
Տնտեսական

--00--ԿԿ