Եվրոպական կողմը գոհ է ՀՀ-ի համագործակցութունից և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

․

ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հունիսի 29-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած 7-րդ նիստը համանախագահել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունից, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ԱԳՆ, ԱԱԾ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները, իսկ ԵՄ կողմից՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի համապատասխան կառույցների աշխատակիցները, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Ֆրոնտեքսի ներկայացուցիչները։

«Եվրոպական կողմն իր գոհունակությունը հայտնեց հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար։ Ռ. Թոդերը նշեց, որ Հայաստանը կարող է լավագույն օրինակ ծառայել վերադարձի և վերաինտեգրման ոլորտում իրականացվող հսկայական աշխատանքի շնորհիվ։

Իր հերթին Ա.Ղազարյանը ներկայացրեց ոլորտում ընթացիկ զարգացումները՝ նշելով, որ ներկայում միգրացիոն ոլորտում տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, իսկ միգրացիոն հարցերը կարգավորող հայեցակարգը վերջերս է հաստատվել Կառավարության կողմից, որի  հիմքում ընկած են 3 կարևոր սկզբունքներ՝  համակառավարումը, համագործակցությունը և փաստահենությունը։ Նա նաև անդրադարձավ ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, Հայաստանից կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են ռեադմիսիոն վիճակագրությունը, երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ռեադմիսիոն հարցերով աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակակության հարցը և համաձանագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։

--00--ԱՀ