Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 30, 24News

․

Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին. այսպիսով՝ ապահովվեց 100 նոր ավտոբուսներով 9 երթուղիների սպասարկումը:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Վաղվանից՝ հուլիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կսկսի իր աշխատանքը հ.97 երթուղին (այն կփոխարինի ավտոբուսային հ.37 երթուղուն):

Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով.

ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ -ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ

Էրեբունու զ/ծ (ս.կ.) – Տիտոգրադյան – Այվազովսկու – Էրեբունու փ-ներ – Արցախի – Տ.Մեծի պ-ներ – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փ. – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պ-ներ – Կասյան փ. – Կոմիտասի պ. – Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ – Գայի պ. – Լվովյան փ. – Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):

Հետադարձը ` նույն ուղեգծով:

Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են թվով 8 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47, 22, 46):

Այսպիսով, համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն ամբողջությամբ շահագործվում են՝ սպասարկելով երևանյան 9 երթուղիներ:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100-դրամանոցներ։ Եթե չունեք 100-դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենան նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

--00--ԱՀ