44-օրյա պատերազմի մասին հարցեր կան, որոնց հանգամանքները պետք է պարզվեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: 

Փաշինյանի խոսքով՝ ճգնաժամային իրավիճակներում առավել ևս ակներև է դառնում պետական ինստիտուտների և հատկապես դատախազության կարևորությունը:

«Եվ իսկապես շատ ճիշտ նկատվեց, որ այդ ճգնաժամային հատվածում մենք տեսանք պատշաճ արձագանք, որի արդյունքում խուսափեցինք բազմաթիվ կորուստներից, ավելի խորը ցնցումներից և երաշխավորեցինք մեր պետականության ու պետական կարգի լինելիությունը: Իհարկե, կարծում եմ, որ նոյեմբերին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունը, գործերով քննությունները և բացահայտումները դեռ ամբողջական չեն և դեռ պետք է շարունակվեն: Դա մեր իրավապահ մարմինների օրակարգում է, և այդ հարցում համոզված եմ, որ հետևողական կլինենք:

Առաջիկայում շատ ավելի կարևոր և ծավալուն աշխատանք է սպասվում: Հանրությունն ու բոլորս, կարծում եմ, ունենք գիտակցում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը: Իհարկե առանձին թեմա է, թե որ հատվածն է, որ պետք է դատաիրավական համակարգի շրջանակներում քննվի, որ համակարգն է, որ հանձնաժողովային կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆորմատներով պիտի քննարկվի, բայց կարևոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական: Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական, բայց հանրությունը և մենք բոլորս, կարծում եմ, զգում ենք այդ անհրաժեշտությունը, կարիքը և առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով վերջին երեք տարիներին դատաիրավական համակարգի հետ տեղի ունեցածին՝ նշել է, որ 2018թ. ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից:

«Մենք պետք է խոստովանենք, որ սա նույնպես բերեց որոշակի ցնցումների, որովհետև դա մի զարգացում էր, որին որևէ մեկը չէր պատրաստվել և որին որևէ մեկը չէր էլ սպասում: Ընդհանրապես հետահայց նայելով, հիմա, օրինակ, վերլուծություններ են հնչում, որոնք գոյության իրավունք ունեն, որ հարաբերությունների այդպիսի կտրուկ փոփոխություն պետք չէր իրականացնել, այլ պետք էր փորձել, այսպես ասած, աստիճանական դա անել: Բայց իմ համոզմունքը նա է, որ եթե վճռական քայլեր չեն արվում՝ դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին հընթացս իներցիան սկսում է ավելի ու ավելի մեծ տեմպերով գերակշռել ու արդյունքում ոչ մի փոփոխություն մենք չենք ունենում: Սակայն երեք տարվա այս գործընթացների արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ ի վերջո շատ կարևոր հենք և բազա ենք ստեղծել դատաիրավական համակարգի իսկապես ինստիտուցիոնալ լիարժեք կայացման համար:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մեր նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը վերաբերվում էր իրավունքին և արդարադատությանը: Ընդհանրապես Երրորդ Հանրապետության պատմության մեջ, կարծում եմ, արդարության և արդարադատության պակասն ամենամեծ խնդիրն է եղել մեր երկրում և մեր ժողովրդի ամենակարևոր ձգտումներից մեկը հենց արդարությունն ու արդարադատությունն է և մենք պարտավոր ենք դա անել: Բայց ի սկզբանե ուզում եմ ընդգծել, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում ախտորոշել ենք համակարգային և խորքային խնդիրներ, տեսել ենք, որ ի հեճուկս ի սկզբանե տարածված և կարծրացած կարծիքի՝ մենք խնդիրներ ունենք ոչ միայն դատարաններում, այլև նախաքննության որակի հետ կապված, դատախազության համակարգում, և շատ կարևոր է, որ այդ խնդիրներին առերեսվում ենք ու արձանագրում, որ բարեփոխումների կուրսը պետք է շարունակվի, որոնց վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանում իրավունքի, արդարադատության, արդարության հաստատումը:

Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, այդ օրենքները ծառայեն իրավունքին և այդ օրենքները լինեն մարդկանց համար, հանրության համար և ոչ թե հակառակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

--00--ԿԿ