Ինչու է գաղտնի պահվում իրականությունը. պատվաստումների ուշագրավ պատկերը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է ամեն ինչ անել կորոնավարակի դեմ պատվաստումների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելու համար, սակայն Հայաստանում պատվաստումների քանակը, միեւնույնն է, շարունակում է մտահոգիչ ձեւով քիչ լինել:

Նշենք, որ մինչեւ այս պահը Հայաստանում 80 հազարից ավելի մարդ է պատվաստվել, այսինքն՝ բնակչության շուրջ 2,9 տոկոսը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրավիրած խորհրդակցության ժամանակ մտահոգիչ էր համարել այս թվերը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս թվերի եւ հաշվարկի մեջ այլ իրականություն է թաքնված: Բանն այն է, որ իրականում Հայաստանի բնակչության 2.9 տոկոսը չէ, որ պատվաստվել է, ինչպես փորձում են ցույց տալ պատկան մարմինները: Բանն այն է, որ պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, որոնք, գտնվելով Հայաստանում, պատվաստվել են, եւ Առողջապահության նախարարությունը այդ թիվն էլ է ներկայացնում 80 հազար պատվաստված մարդկանց մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե պատվաստվածների մեջ քանիսն են օտարերկրացիները: Վերջինս վստահեցրեց, թե նման առանձին վիճակագրություն իրենք չունեն: Նկատենք՝ պատվաստումներն արվում են անձնագրային տվյալներով, եւ անհնար է չպարզել՝ պատվաստվողը ինչ ազգություն կամ քաղաքացիություն ունի:

Իրականում, այո, պատվաստումներ են արվել մեծ թվով օտարերկրացիների: Ստացվում է, որ օտարերկրացիները ՀՀ պետբյուջեի հաշվին անվճար պատվաստումներ են ստանում ու վերադառնում իրենց երկրներ, իսկ ՀՀ քաղաքացիներն այնքան էլ հակված չեն պատվաստվել: Պատվաստանյութերը թերեւս կարճ ժամկետ ունեն եւ արագ սպառման անհրաժեշտություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ