Արսեն Տիտանյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է մեկ անգամ, նրա մասնակցությամբ առերեսում չի եղել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

․

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է մեկ անգամ, ինչից հետո նրա մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հենց ինքը՝ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Արսեն Տիտանյանը ճանաչվել է որպես տուժող։

Արսեն Տիտանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՔԾ-ում հարցաքննվել է մեկ անգամ, իր մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։ Տիտանյանը նաև տեղեկություն չունի առ այն, թե արդյոք Լոռու մարզպետը, մարզպետարանի այլ աշխատակիցները, որոնք իր նկատմամբ բռնություն են գործադրել, հարցաքննվել են, թե ոչ։

Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննությանը, Տիտանյանը նշեց, որ գործի նյութերին արդեն կցվել է եզրակացությունը։

Իսկ թե արդյոք դեպքի վայրի զննություն եղել է, այսինքն՝ այցելե՞լ են մարզպետարան, որտեղ բռնություն է գործադրվել իր նկատմամբ, Տիտանյանը նշեց, որ իր հետ դեպքի վայրի զննություն տեղի չի ունեցել, բայց գտնում է, որ իրավապահներն իրենց գործն արդեն պետք է անեն, ինքը չի կարող ասել։ Ինչ վերաբերում է տեսագրող սարքերի առկայությանը, Տիտանյանը նշեց, որ տեսագրող սարքեր եղել են, բայց չի կարող ասել՝ աշխատել են, թե ոչ, արդյոք տեսագրող սարքերն իրավապահներն առգրավել են, թե ոչ, չգիտի։

Հարցին՝ արդյոք վարույթն իրականացնող մարմինը կարող է պատշաճ, օբյեկտիվ քննություն իրականացնել, արդյոք ճնշումներ չեն լինի՝ գործող իշխանությունների կողմից, Տիտանյանը նշեց, որ այդ մասով դեռևս կանխատեսումներ անելը ճիշտ չի համարում, ժամանակը ցույց կտա, կտեսնենք, թե ինչպես կընթանա գործի քննությունը։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում արատավոր պրակտիկա է ձևավորվել, երբ քաղաքական հայացքների համար համայնքապետերին փորձում են ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել, ընդ որում, դա այն դեպքում, երբ տարբերություն նշանակովի մարզպետների, համայնքապետերն ընտրված են և ունեն ավելի մեծ լեգիտիմություն, Տիտանյանն արձագանքեց՝ նշելով, որ պետք է բոլոր պաշտոնյաները տարբերակեն՝ հայեցողական պաշտոնները, ընտրովի, համայնքային, քաղծառայողների պաշտոնները, որոնք օրենքով նաև պաշտպանված են։

«Հիմա, եթե ամեն փոփոխության հետ նոր ընտրովի պաշտոններ զբաղեցնողները, ինչպես՝ նշանակովի պաշտոնի դեպքում հրաժարական տան, դա ազնիվ չի լինի։ Կա նաև օրենքով սահմանված ժամկետ, ժամկետի մեջ ընտրված պաշտոնը չի կարելի շփոթել հայեցողական պաշտոնի հետ։ Հայեցողական պաշտոնյայի դեպքում փոփոխվել կարող է, բայց ընտրովի և համայնքային ծառայության և քաղծառայության պաշտոններն օրենքով նաև պաշտպանված պաշտոններ են»,- նշեց Տիտանյանը։

--00--ԱՀ