Արցախի նախագահը հանձնարարել է վերանայել վնասների դիմաց տրվող գումարների տրամաբանությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 6, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների իրականացման ընթացքին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Նախագահը նշել է, որ, չնայած ստեղծված իրավիճակում կարիքների գնահատումը բարդ և ծավալուն գործընթաց է, ԱՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ջանքեր գործադրեն ծրագիրն իրականացնելու հավասարության, արդարության և ընդհանրության սկզբունքների հիման վրա։

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է վերանայել վնասների դիմաց տրվող գումարների տրամաբանությունը՝ էականորեն բարձրացնելով դրանց չափերը: Նախագահը նաև հանձնարարել է արագ ընթացքավորել առկա դիմումները և սկսել գումարների տրամադրման գործընթացը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ծրագրի հետ առնչվող մի շարք այլ հարցեր՝ նպատակ ունենալով ընդլայնել ծրագրի շրջանակները և բարելավել պայմանները:

--00--ԱՀ