Տաջիկստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել Աֆղանստանի հետ իրավիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

հապկ

Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից օգնություն է խնդրել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմագրավելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթանովը:

«Տաջիկստանը, որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիր, ձեռնարկում է հնարավոր միջոցները իրադրությունը պահպանելու, այդ երկրից եկող սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու համար: Սակայն հաշվի առնելով իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև այն, որ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներ դժվար հասանելի լեռնային տեղանքներում, բարդ է դառնում միայնակ հաղթահարելն այս խնդիրը»,- ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին ասել է Սուլթանովը:

Նրա գնահատմամբ՝ ստեղծված պայմանները պահանջում են «ադեկվատ արձագանք ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում և հարավային սահմանները պաշտպանելու ներուժն ուժեղացնելու միջոցառումների ընդունում»:

«Այս համատեքստում արդիական է մնում Հավաքական անվտանգության խորհրդի 2013 թ. սեպտեմբերի 23-ի «Տաջիկա-աֆղանական սահմանը ամրապնդելու գործում Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին» որոշման կատարման ապահովման անհրաժեշտությունը: Հետևաբար, ցանկանում ենք կոչ անել կազմակերպության անդամ պետություններին նպաստել տվյալ փաստաթղթի լիարժեք իրականացմանը»,- հայտարարել է Սուլթանովը:

--00--ԱՀ