Ս․Խաչատրյանի և Ա․ Վանեցյանի գաղտնալսման գործով վարույթը կասեցվել է․ գործը չի բացահայտվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

․

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2021թ ապրիլի 10-ին կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ վարույթը կասեցվել է, քանի որ չեն պարզել գաղտնալսողի ինքնությունն ու չգիտեն, թե ում պետք է որպես մեղադրյալ ներգրավեն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2018թ սեպտեմբերին համացանցում տարածվել էր ԱԱԾ այն ժամանակ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը, որի բովանդակությունից ակներեւ էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախաքննությունը գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ եւ մի շարք որոշ դատավարական գործողություններ համաձայնեցվել են հենց նրա հետ։

Ս.Խաչատրյանի ու Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր երկու քրեական գործ, որոնցից մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Վերջինս կարճվել է դեռևս 2020թ փետրվարի 4-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունից հետո։ Ինչ վերաբերում է բուն գաղտնալսման գործին, ապա պարզվում է, որ այն բացահայտել չեն կարողացել ու որոշել են վարույթը կասեցնել, թեեւ մեկ տարի առաջ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե այն բացահայտվել է։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ՔԿ նախագահ Հ.Գրիգորյանը հայտարարել է «Գաղտնալսման գործը բացահայտված է։ Բայց դեռ ձերբակալված անձ չկա։ Ես անցյալ տարի էլ ասել եմ, որ այդ գործը բացահայտված է, սակայն դեռ ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին շուրջ 8 ամիս առաջ ուղարկել ենք քննչական պահանջ։ Երբ այն ուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ որոշում կկայացնենք»։

Սույն հայտարարությունից մեկ տարի անց 2021 թվականի հունիսին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՔԿ՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել քրեական գործով քննության ընթացքի մասին, թե քրեական գործով որպես մեղադրյալ, կասկածյալ ներգրավված կամ հետախուզման մեջ գտնվող անձինք կան, թե ոչ, սակայն պարզվել է, որ գործն իրականում բացահայտված չէ։

«Ի պատասխան Ձեր կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված տեղեկություն ստանալու հարցման՝ հայտնում եմ, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2021թ ապրիլի 10-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցվել է»,- հայտնել է ՀՀ ՔԿ Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը ։

Նշելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն իրականացվել է ՀՀ սահմաններից դուրս՝ ՔԿ պաշտոնյան գրավոր պաշտոնապես տեղեկացրել է, որ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող անձինք չկան։

Պատասխանից հետեւում է, որ կամ մեկ տարի առաջ ՔԿ նախագահը կեղծ տեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե գաղտնալսման գործը բացահայտված է, կամ էլ իրականում բացահայտվել է, բայց քաղաքական իշխանության շահերից չի բխում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը ու որոշել են գործը «ծածկադփոց» անել։

--00--ԱՀ