ՍԴ-ն ի՞նչ հիմնավորմամբ է 3-րդ անձ ներգրավել «ՔՊ»-ին, այլ ոչ մյուս 21 քաղաքական ուժերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

էդգար

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Գիշերային քննարկումներով սահմանադրական արդարադատությունն ու դրա հետևանքներ» խորագրով գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հակաօրինական ճանապարհով Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարան գործուղված քաղաքական գործիչ-դատավոր, նույն ինքը ՍԴ առաջին ինքնահռչակ նախագահ, սակայն հանրությանն առավել հայտնի ձրիակեր Վահե Գրիգորյանը այս օրերին երեկոյան ուշ ժամերի այցելում է կառավարական առանձնատուն և հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։ Չհերքված այդ լուրերից ակնհայտ է, որ նա այնտեղ ստանում է համապատասխան հանձնարարականներ, որոնք էլ վեարահանձնարարում է իր փաստացի ենթակայության տակ գտնվող Արման Դիլանյանին ի կատար ածելու համար։

Այս ամենը կարող էր մնալ ենթադրություններ մակարդակում, եթե Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 6-ին կայացրած չլիներ ՍԴԱՈ-143 որոշումը, որով հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով որպես երրորդ անձ ներգրավվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Դեռևս հուլիսի 9-ին՝ նախանշված դատական նիստը չսկսած, Սահմանադրական դատարանն արդեն իր կողմնակալ վերաբերմունք է արտահայտում իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ ընտրությանը մասնակցել է 26 քաղաքական ուժեր, որոնցից 4-ը բողոքարկել են ընտրության արդյունքները և դիմել են Սահմանադրական դատարան։ Եթե դատարանը, ենթադրելով, որ իր որոշումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչ հիմնավորմամբ է որպես երրորդ անձ ներգրավել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ ոչ մյուս 21 քաղաքական ուժերին։ Եթե Քաղաքացիական պայմանագիրը շատ էր ցանկանում մասնակցել այդ դատավարությանը, ապա նրանք նույնպես կարող էին բողոքարկել ընտրությունների արդյունքները և ներկայացնել իրենց մոտեցումները։

Որպես դատավարության մասնակից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ներգրավվելով՝ Սահմանադրական դատարանը ոչ միայն ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը իշխանությունը զավթած և հիմնական ընտրախախտումներ կատարած քաղաքական ուժի նկատմամբ, այլև նրան տալիս լիարժեք հնարավորություններ դատավարության ընթացքի վրա ազդելու համար։

Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը նույն օրը կայացրել է մեկ այլ աշխատակարգային որոշում (ՍԴԱՈ-144), որով ժամային սահմանափակումներ է դրել դիմող, պատասխանող և հարակից պատասխանող կողմերի համար։ Այդ որոշումից երևում է, որ որպես հարակից պատասխանող են ճանաչվել նաև ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որոնք ընտրական գործընթացի կազմակերպման հարցում որևէ իրավասություններ չունեն։ Եթե դատարանը նրանց ներգրավվել է այն տրամաբանությամբ, որ նրանք պատասխանատու են ընտրախախտումների կանխման և բացահայտման համար, ապա դա չի կարող հիմնավոր լինել, որովհետև դատարանը, առանց նրանց հարակից պատասխանող ճանաչելու, կարող էր անհրաժեշտ տեղեկություններ պահանջել և ստանալ նրանցից։ Այս դեպքում պարզ չէ նաև, թե ինչու հարակից պատասխանող չեն ճանաչվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կառավարությունը, ՀՀ մարզպետները և վարչական ռեսուրս կիրառած այլ գերատեսչություններ։

Այս ամենն ապացուցում է, որ դատարանի այս կազմից արդարադատություն ակնկալել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այս դատարանի նախագահի պաշտոնը զավթած Արման Դիլանյանը և դատարանում ապօրինաբար հայտնված մի շարք դատավորները և նրանց քաղաքական պատվիրատուները նախ իրենք զգան «արդարադատության համը»»։

--00—ԼՄ