Բաբաջանյանը և Միրզոյանն անուններ են, որոնք թանկ են և՛ մշակութային, և՛ քաղաքացիական առումով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Մշակույթ

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը,  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փաստել է, որ 2021 թվականը հարուստ է հոբելյաններով, որոնք վերաբերում են անշրջանցելի անունների՝ ականավոր երաժիշտների, անվանի մշակութային գործիչների:

«Հոբելյանների այդ առատությունն անվանի ստեղծագործողների, մտավորականների ժառանգությունը ոչ միայն հիշելու և վերաիմաստավորելու, այլև պետական մշակութային քաղաքականության իրականացման մեխանիզմ և գործիքակազմ դառնալու հնարավորություն է տալիս մեզ՝ հանրահռչակելով արժեքներ, փոխանցելով ուղերձներ և ազդակներ այդ արժեքների վերաբերյալ: Կյանքը ցույց է տվել, որ մշակույթն ամենազորեղ և կենսունակ գործիքն է հանրությանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու առումով»,- նշել է Արա Խզմալյանը և կարևորել մշակութային միջոցառումների թերապևտիկ դերն ու նշանակությունը հանրության կյանքում:

Ըստ Ա. Խզմալյանի՝ մի կողմից հասկանալի է, որ կյանքը պետք է շարունակվի, որ մշակութային միջոցառումները պետք է տեղի ունենան, մեր արժանավոր, ականավոր հոբելյանների անունները պետք է կրկին հիշատակվեն ու նշվեն, իսկ մյուս կողմից  դժվար է պահպանել հանդիսավորության և այն աշխարհաքաղաքական համայնապատկերի հավասարակշռությունը, որի համատեքստում ընթանում են այդ միջոցառումները. «Սա պահանջում է զգոնություն, զգաստություն, իրավիճակի ճշգրիտ թելադրանք: Այո՛, այդ միջոցառումները տեղի կունենան, բայց պետք է լինեն այն ձևաչափի և տրամաբանության մեջ, որ չհակասեն հանրային լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին»:

Արա Խզմալյանի համոզմամբ՝ Առնո Բաբաջանյանն ու Էդվարդ Միրզոյանը, որոնց 100-ամյա հոբելյաններն են նշվում, անուններ են, որոնք թանկ են ոչ միայն մշակութային ստեղծագործական, այլև քաղաքացիական, հասարակական առումներով:

«Մեր մեծանուն հոբելյարներին նվիրված միջոցառումների մի մասն արդեն իրականացվել է, մյուս մասն իրականացվում են, և ես մաղթում եմ, որ կյանքը շարունակելու, մշակույթի միջոցով տրամադրությունները փոխելու կամքը լինի  ամուր և հետևողական»,- ասել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել նախարարության ենթակայությամբ գործող ստեղծագործական կառույցների ղեկավարներին այդ կարևորագույն առաքելության գործում ներդրած ջանքերի համար:

--00--ԿԿ