Կադրային այսպիսի քաղաքականությունը հարված է հայկական բանակին․ Օհանյանը՝ Խաչատուրովի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Քաղաքական

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին պաշոնից ազատելու մասին որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներից ելնելով։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Նշենք, որ նախագահը վարչապետի առաջարկությամբ է Գրիգորի Խաչատուրովին ազատել պաշտոնից։

«Իշխանությունը չի ցանկանում երկարաձգել այնպիսի գեներալների, հրամանատարների պայմանագրերը, ովքեր ինքնուրույն են, համարձակ են ու ունակ են որոշումներ կայացնելու, լուրջ ճանապարհ են անցել։ Գրիգորի Խաչատուրովն այդպիսի հրամանատարներից է՝  իր անցած ճանապարհով, գիտելիքներով»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը»։

Ըստ Օհանյանի՝ Խաչատուրովին աշխատանքից ազատելը նաև կապված է ՀՀ սահմանների և անկլավների շուրջ զարգացող իրադարձությունների հետ։

Հարցին, այդյո՞ք պատճառը կարող էր հանդիսանալ, այն, որ Գրիգորի Խաչատուրովի հայրը՝ Յուրի Խաչատուրովն ակտիվորեն աջակցում էր «Հայաստան» դաշինքին քարոզարշավի ժամանակ, նա պատասխանեց նշելով, որ լավագույն զինվորականներից շատերն են «Հայաստան» դաշինքի կողքին եղել։

«Իրականում այս գործընթացներն իրար հետ կապված են։ Կադրային այսպիս քաղաքականությունը հարված է հայկական բանակին։ Եթե իրենք ազատում են Խաչատուրովին, ուրեմն պարտավոր են նրան ԶՈՒ ԳՇ-ում մեկ այլ պաշտոն տալ։ Իհարկե, Խաչատուրովի փոխարեն ինչ-որ մեկին կգտնեն այդ պաշտոնի համար, բայց արդյո՞ք կգտնեն Խաչատուրով իր հմտություններով, ունակություններով, փորձով»,-նշեց Օհանյանը։

Նա արձանագրեց, որ ընտրություններից հետո իշխանությունները հետապնդում են ընդդիմադիրներին բոլոր հարթակներում։ Բանակում հետապնդում են այն հրամանատարներին, որոնք չեն կատարել իրենց ցուցումները՝ ՔՊ-ի օգտին քարոզչություն անելու վերաբերյալ։

«Իշխանությունը հետապնդում է ՏԻՄ աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մարզպետարանների աշխատակիցներին։ Հատկապես տեսնում ենք, թե ինչպիսի հետապնդումներ կան Սյունիքում համայնքների ղեկավարների հանդեպ»,-ասաց Օհանյանը, ընդգծելով, որ իշխանությունը բացահայտ խոսում է այս հետապնդումների մասին։

Պն նախկին նախարարը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք ըստ իշխանությունների ամբողջ ՀՀ-ն պետք է մեկ կուսակցության աջակցի․ «Ո՞ւր մնաց սահմանադրական նորմը քաղաքական կամ գաղափարական բազմակարծության մասին։ Ի վերջ, նրանք էլ մի օր հեռանալու են, և եթե այդպիսի վերաբերմունք իրենց նկատմամբ լինի, դա նույնպես ճիշտ չի լինի»։

--00--ԿԿ