Հայաստանը պետք է ազատվի պատեհապաշտությունից, ազգադավ ու անհայրենիք գոյերից․ Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարտությունից- հաղթանակ… իսկ արանքում՝ անորոշ ներկա……
Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ պարտվածի հոգեբանությունից ու կարգավիճակից դուրս գալու և մինչև հաղթանակ ընկած այս հատվածում.

Ցավ – նվաստացում-անելանելիություն ու անճարություն……
Եվ վաղվա ճակատագրի անհայտությունն ու անհավատությունը մարդկանց դարձրել է անտարբեր, օրվա պահանջով ապրող, ազգային արժեքներին քամահրանքով վերաբերվող……

Արդեն ութ ամիս է պատերազմի, պարտության, դավաճանության ու անդառնալիության, անհուսության ուրվականներն են շրջում Հայաստանում և շարունակվում է բզկտումը հավատի ու անհավատության միջև, կասկածի ու հավաստիության միջև, պարտվածի, թե դավաճանվածի նվաստացուցիչ զգացողության միջև, իմաստ ու անիմաստի, կորցրածի ու փրկվածի, ցավի տակ մնալու ու հարկադրված ապրելու անհասկանալի որոնումների միջև……..

Իսկ կյանքը շարունակվում է, և մենք դատապարտված ենք ապրելու….. դատապարտված ենք այս ցավի միջից վեր հանելու Հային ու Հայաստանը և ապրեցնելու….. Հայաստանը պետք է ազատվի պատեհապաշտությունից, ազգադավ ու անհայրենիք գոյերից և պիտի կերտվի իրական, ինքնավստահ ու ինքնասեր, հզոր Հայաստան……ու դա այն միակ գինն է, որի համար մենք զոհեցինք մեր 5000 զավակների կյանքը, դա միակ դեղ ու ճարն է, որ ամոքելու է միլոնավոր հայերի վիրավոր հոգիները, դա այն հենակն է, որին հենվելով պիտի վերականգնվի մեր հաշմանդամ դարձած ինքնասիրությունը…..պատիվն ու հեղինակությունը:
Իսկ ո՞վ է կառուցելու այդ Հայաստանը:

Այս պահին մենք ունենք իշխանություն, որը ցավոք իր իշխանության գալու առաջին իսկ օրից զբաղված է միայն փակելով ու քանդելով պետական ու պետականաշեն, ազգային ու հայրենաշեն կառույցներն ու նախագծերը…..
Շուտով ձևավորվելիք ԱԺ-ում էլ դիմությունն ու ընդիմությունն ավելի շատ իրենց գոյության շարունակության իրավունքը հաստատելու համար են աշխատելու և հազիվ թե կարողանան էական փոփոխություն բերել այսպիսի ծայրահեղ վիճակում գտնվող երկրին սպառնացող «դժվար ու սուր» որոշումների կայացման հարցում…..

Արտախորհրդարանական «փորձառու» ընդիմությունը հանուն «կառուցողական համագործակցության» ձեռք մեկնեց երկիրը պարտության պատերազմի տարած, կապիտուլյանտ ու օտար ուժերի խամաճիկ իշխանությանը և դեռ հայտնի չէ, թե ինչպես կդիրքավորվի, իսկ իրական ընդիմության դաշտը թողնվեց միայն մի քանի «նորաթուխներին», որոնք կայանալուն զուգահեռ պիտի կարողանան նաև պատվով կատարել այդ գործը…..

Երկրում համատարած հետընտրական հաշվեհարդարներ են ու «արդար» ընտրությունների օրինական հաղթողների լեզվահանդեսներ…. ժողովուրդը զբաղեցվում է՝ իրական վտանգներից հայացքը շեղելու և չուշացած ընդվզումներ թույլ չտալու համար…..

Իսկ սահմաններին չկա անվտանգություն…..
Չկա արտաքին գործերի նախարարություն, չկա դիվանագիտություն…..
Չկա գյուղատնտեսության, չկա մշակույթի նախարարություն….

Իսկ կրթությունը սրընթաց անդունդ է գլորվում…….Հայաստանի բուհերի ընդունելության քննությունները աննախադեպ խայտառակ արդյունքներ են գրանցում. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը, Մայր բուհը դարձել է կամայականությունների և ապօրինությունների փորձադաշտ և ազգայնականության թշնամիները «խաղաղակրթական միտումներով» շուտով «կապազգայնացնեն» այն՝ նշանակված նոր ռեկտորով, որի վերջապես կլուծի այն անլուծելի խնդիրը, թե «….. ինչ հասարակություն ենք ուզում կրթել։ Ազգայանական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար»….

Խանութներում ժողովուրդը վրդովված նայում է օրօրի թանկացող ձեթին ու անհետացող շաքարավազին ու վերջնականապես խճճվում նախկիններ-ներկաններ գլուխկոտրուկի լաբիրինթներում…..
Եվ այսպես ամեն օր «նահանջում ենք առանց երգի»՝ …..կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն: Եւ մենք դեռ կնահանջենք բանիվ եւ գործով, կամա եւ ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին…..

Եվ «նահանջող» մի ամբողջ երկիր կառավարվում է ընդամենը «сам себе режиссер» հաղորդաշարի սկզբունքով….
Իսկ այս ամենին, որպես դիտորդ, ունենք միայն ամեն օր նոր արհավիրքի սպասումով արթնացող ժողովուրդ, որին չի տրվում ոչ նպատակ, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ համատարած պարտությունից դուրս գալու, վերկանգնվելու կամ վերակերտվելու հույս ու հավատ…..

Իսկ աշխարհաքաղաքական քամիները դեռ միայն ծաղրալի սուլում են ու տողատակով հուշում՝ «ընտրել եք, վայելեք…..», և իրականում այս ընտրության արդյունքները լիարժեք «վայելում են» Ադրբեջանում ու Թուրքիայում:
Եվ………. որտե՞ղ է հույսի այն բարակած շողի ծայրը, որից բռնած պիտի քայլենք, մաքառենք ու հասնենք անհավատալիին:

Հույսի, որ կարող է դառնալ հավատ և ապագա հաղթանակ…. և պետք է դառնա»:

--00—ՄՀ