Արցախի առողջապահական ոլորտում հիմնարար բարեփոխումներ կլինեն. Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

նկար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն  առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանի ու Էլեոնորա Ավանեսյանի հետ միասին, շրջայց է ունեցել Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ, ապա հանդիպել բժշկական անձնակազմի հետ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պետական նախարարը շրջել է առանձին բաժանմունքներով, հետաքրքրվել հիվանդանոցի ծանրաբեռնվածության աստիճանով, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներով և ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքների վերացման աշխատանքներով:

Այցի ընթացքում գլխավոր տնօրեն Մհեր Մուսայելյանը ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն յուրաքանչյուր բաժանմունքում բուժվող հիվանդների քանակի, նրանց առողջական վիճակի, հիվանդանոցում առկա մահճակալային ֆոնդի, կորոնավիրուսային վիճակի, բուժսարքավորումներով հագեցվածության վերաբերյալ:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. «Ինչպես գիտեք, առողջապահական ոլորտը իմ անմիջական համակարգման ներքո գտնվող ոլորտներից մեկն է: Սա իմ առաջին հանդիպումն է ձեզ հետ. ուստի, օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր կատարած անձնվեր աշխատանքի համար, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր եք փրկել»:

Խոսելով ընթացիկ աշխատանքներից՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնարար բարեփոխումներ են նախատեսվում ոլորտում, որոնց արդյունքները կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն և՛ բուժաշխատողների, և՛ քաղաքացիների համար: Նա կարևորել է կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, բնագավառում նոր մասնագետների ներգրավումը, բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում էլեկտրոնային համակարգի կիրառմամբ զգալիորեն կնվազի անհարկի վարչարարությունը:

«Կցանկանայի համատեղ վերհանել ընթացիք խնդիրները, որոնք խոչընդոտում են ձեր աշխատանքներին: Վստահ եղեք՝ համալիր լուծումներ ենթադրող հարցերում առանցքային նշանակություն է ունենալու ձեր կարծիքներն ու առաջարկները»,- հանդիպման ընթացքում նշել է Ա. Բեգլարյանը:

Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ ոլորտի բնականոն աշխատանքների ապահովման ուղղությամբ:

--00—ԼՄ