«Անի» հյուրանոցի մոտ սպանության և սպանության փորձի կասկածյալը Ուկրաինայի քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Իրավապահ մարմինները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հուլիսի 10-ին Երևանում՝ «Անի» հյուրանոցային համալիրի մոտ, տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարող-կասկածյալի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Դմիտրյուկ Ա-ն։ Նա եղել է «BMW X7» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով, և հանցագործությունը կատարեուց հետո դիմել է փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալ Դմիտրյուկ Ա․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 02։00-ի սահմանում դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց էին տեղափոխել 2 քաղաքացիներ։ Վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ կարճ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ հիվանդանոց տեղափոխվածներն էին Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, նա մահացել էր, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչը՝ 21-ամյա Արման Պողոսյանն էր։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «ներքին կրծքային զարկերակի վնասում, թոքի վնասում» ախտորոշմամբ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմանում, «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վեճ էր եղել նշված անձանց և դեռևս չպարզված անհայտ անձի միջև, վերջինս էլ կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նշված անձանց։  

--00—ԼՄ