Թուրքիայում հերթական հարձակումն է եղել քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ ստացված ահազանգից հետո Մարմարիսի շրջանի ոստիկանական ստորաբաժանումները մեկնել են դեպքի վայր և  կարճ ժամանակ անց բերման  ենթարկել զինված հարձակումն իրականացրած 28-ամյա քաղաքացուն: 

Աղբյուրի հաղորդմամբ, ձերբակալված անձը 3 տարի առաջ նույնպես հարձակում էր գործել ԺԴԿ-ի գրասենյակի վրա՝ կոտրելով պատուհանի ապակիները: Վերջինը այդ արարքի համար քրեական պատասխանատվության էր ենթարկվել «գույքին վնաս հասցնելու մեղադրանքով»:  

Նշենք, որ Թուրքիայում ԺԴԿ-ի գրասենյակների վրա հարձակումները սկսել են սիստեմատիկ բնույթ կրել: Հունիսի 17-ին Իզմիր քաղաքում զինված հարձակում էր տեղի ունեցել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել էր գրասենյակի աշխատակիցներից մեկը։

--00--ԱԹ