Այնպես չէ, որ ինձ կոտորում եմ․ Եղիշե Պետրոսյանը՝ համալիրի տնօրեն դառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, 24News                                        

Thumbnail

Մարզահամերգային համալիրի տնօրենի թափուր պաշտոնի համար այս օրերին շրջանառվում է երաժիշտ Եղիշե Պետրոսյանի և համալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանի անունները։ 24News-ը զրուցել է Եղիշե Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ համալիրի տնօրենի թեկնածու։

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս վերաբերվեցիք այն հանգամանքին, որ, ի թիվս այլ թեկնածուների, Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնի համար նաև ձեր թեկնածությունն է առաջարկվել։                                                                                                 

Ճիշտն ասած, իմ առաջին ռեակցիան բացասական է եղել, բայց երկու օր մտածելուց հետո ասացի՝ ինչո՞ւ ոչ։

-Ո՞վ է առաջարկել Ձեր թեկնածությունը ՄՀՀ տնօրենի պաշտոնի համար։                                                                                 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Ասացին, որ այնտեղ փոփոխությունների կարիք կա։                           

-Այլ թեկնածուի անուն է նաև շրջանառվում։ Ի՞նչ եք կարծում՝ մրցակցություն կլինի՞։

Ես միայն կարդացել եմ, չեմ կարող ասել, չեմ ճանաչում մյուս թեկնածուին։ Գրում են, թե կռիվ է գնում թեկնածուների համար, ես չգիտեմ՝ ով է ինձ համար այնտեղ կռիվ անում։                                                                                                                               

-Կարծիքներ են հնչում նաև, որ Եղիշե Պետրոսյանն ապրիլ-մայիսին, երբ բողոքի ակցիաներ էին ընթանում, դրական էր արտահայտվում այդ ամենի մասին,  որպեսզի հետո հաջողելու դեպքում պաշտոն ստանար։ Դուք պաշտոնի ակնկալիք ունեցե՞լ եք։                         

Եթե ես պաշտոնի ակնկալիք ունենայի, վաղուց կքայլեի Հանրապետականի կողքով, դրական կխոսեի նրանց հասցեին և այլն։ Ես իմ բնույթով հեղափոխական եմ, բնականաբար, մտքերս էլ այդ ուղղությամբ էին գնում։ Ոչ միայն հեղափոխության օրերին եմ այդպես խոսել, այլ տարիներ շարունակ։                                                                

-Այն, որ այդ օրերին հարցազրույցներ էիք տալիս և դրական արտահայտվում քայլարշավի, բողոքի ցույցերի մասին, որևէ ակնկալիքի հետ կապվա՞ծ չէր։    

Ես այդ ամիսներին ավելի քիչ եմ հարցազրույց տվել․ նախքան հեղափոխությունը շատ ավելի շատ եմ խոսել։ Իմ նախկին բոլոր հարցազրույցները նայելով՝ կարելի է կռահել՝ պահի տակ հարմարվող մարդ եմ թե ոչ։                                                                                                                 

-Հիմա հակվա՞ծ եք համալիրի տնօրեն դառնալ։                

Ես կներկայացնեմ իմ ծրագրերը՝ այն, ինչ պետք է, բայց այնպես չէ, որ ինձ կոտորում եմ։ Ամեն դեպքում, համալիրն ինձ շատ հարազատ է։                          

-Ձեզ համար կարևո՞ր է՝ ով կլինի համալիրի տնօրեն։                                                                        

Իհարկե, կարևոր է։ Ընդհանրապես, ինձ համար կարևոր է՝ ով որտեղ կլինի. լինի պատգամավոր, նախարար թե միջին օղակի աշխատակից։ Ամեն մեկն իր տեղում պետք է լինի․ դա պարտադիր է, որպեսզի այդ ոլորտները զարգանան։                                                                                                           

-Իսկ եթե Դուք չանցնեք։                                                                            

Շատ հանգիստ դա կընդունեմ։