Մեր նպատակն է հասկանալ  թե սոցիալական ոլորտում համագործակցության ինչ հեռանկարներ կան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 14, 24News

․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է ASB Վրաստան (Arbeiter-Samariter-Bund) կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Դիմիտրի Տոդորովիչին, կազմակերպության տեղահանված բնակչության ծրագրերի պատասխանատու Գիորգի Արսենիձեին և ծրագրի համակարգող Վահե Վարդանյանին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Միասնական սոցիալական ծառայության համակարգի զարգացմանն ու հետպատերազմական ընթացքում արցախահայության աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

«Արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությունն ու հումանիտար օգնության տրամադրումն իսկապես անհրաժեշտ է, բայց այս պահին առաջնահերթ է նաև սոցիալ-տնտեսական կայունության հնարավորության ստեղծումը բոլորի՝ հատկապես խոցելի խմբերի համար»,- նշել է Ռուբեն Սարգսյանը։

Դիմիտրի Տոդորովիչը ներկայացրել է ASB միջազգային մարդասիրական կազմակերպության գործունեությունը՝ անդրադառնալով Վրաստանում իրականացված և Հայաստանում նախատեսվող մի շարք ծրագրերի․ «ASB-Վրաստան կազմակերպությունն արդեն իսկ սկսել է ծրագիր իրականացնել նաև Հայաստանում․հուշագիր է ստորագրվել Առողջապահության նախարարության հետ և արդեն սկսել ենք ծրագիրը։ Մեր նպատակն է նաև հասկանալ և հստակեցնել, թե սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ինչ հեռանկարներ կան»,- նշել է Դիմիտրի Տոդորովիչը։

Հանդիպման ընթացքում նախանշվել է հետագա համագործակցության հնարավոր տարբերակները․ներկայացուցիչները վերահաստատել են պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։

--00--ԱՀ