Մոսկվայում հորդառատ անձրևները հեղեղել են «Շերեմետևո» օդանավակայանը, թռիչքներ են հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

նկար

Մոսկվայում հորդառատ անձրևները հեղեղել են «Շերեմետևո» օդանավակայանն ու ստորգետնյա կայանատեղին: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է՝ ինչպես է թռիչքուղին ողողվել ջրով, գրում է «Մեդուզա» գործակալությունը։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է ավելի քան 20 տեղական և միջազգային չվերթ: Որոշ չվերթներ չեն կարողացել վայրէջք կատարել «Շերեմետևոյում», և ուղղությունը փոխել են դեպի Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Հելսինկիի, ինչպես նաև Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններ։

Հիշեցնենք, որ առատ անձրևների պատճառով Մոսկվայում հեղեղվել են տասնյակ ճանապարհներ և փողոցներ, երկու տասնյակ ծառեր են ընկել, վնասվել են մեքենաներ:
Մոսկվայի իշխանությունները զգուշացրել են, որ անձրևները շարունակվելու են:

--00—ԼՄ