ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով պարգևատրվել են մի շարք աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

․

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մասնագիտական բարձր որակների, արգասաբեր ու բարեխիղճ աշխատանքի և լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել «Չաարատ Կապան», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ, «Ախթալայի ԼՀԿ», «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ և «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերությունների մի շարք աշխատակիցներ։ 

Ընդերքի ոլորտը համակարգող, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր հյուրընկալել է  պարգևատրված աշխատակիցներին, շնորհավորել նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ և,  հանձնելով շնորհակալագրերը, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։  

«Մեր երկրի հարստությունն ընդերքն է, սակայն հզորությունը մարդիկ են․ երկրի իրական կարողությունն ու ներուժն այս երկուսի համատեղումն է։ Մարդկանց մասին խոսելիս կարող եմ վստահաբար նշել, որ հատկապես հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում աշխատում են ամենադիմացկուն, նվիրված և պատասխանատու մասնագետներ։ Ես սա պնդում եմ, հաշվի առնելով մասնագիտական բարդությունը, սխալների դեպքում՝ հետևանքների ծանրությունը, ինչպես նաև նոր լուծումների, հայտնագործությունների կամ, պարզապես, ճիշտ տեղում ճիշտ մեթոդներ կիրառելով  դրանց մուլտիպլիկատիվ դրական և մեծ ազդեցությունը ինչպես ձեր արտադրություններում, այնպես էլ հարակից բնագավառներում»,- ասել է  փոխնախարարը։

Լ․ Շուշանյանը նշել է, որ Հայաստանը կարող է հպարտանալ առաջատար և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունահանում իրականացնող իր համալիրներով, սակայն երկիրը շարունակելու է զարգացնել առկա տեխնոլոգիաները և նորերի ներդրումը՝ արտադրական շղթան ընդլայնելու և առավել խոր վերամշակում ապահովելու համար։ Նրա խոսքով՝ միաժամանակ, նպատակ է դրվել հասնել աշխատանքային պայմանների բարելավման, գիտակրթական ինստիտուտներ - պետական մարմին համագործակցային ձևաչափով լուծել երիտասարդ կադրերի պատրաստման հարցը։  

Փոխնախարար Շուշանյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նրանց տոնի առթիվ՝ մաղթելով  նոր մասնագիտական ձեռքբերումներ։    

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։

--00--ԱՀ