Այս խմորը կարող է շատ ջուր քաշել․ ստիպում են մտնել քաղաքականություն, որը օտար ասպարեզ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

«Այս խմորը կարող է շատ ջուր քաշել․ մեզ ստիպում են մտնել քաղաքականության մեջ, որը մեզ համար օտար ասպարեզ է»,- այս մասին 24TV-ի հետ հարցազրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ, Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության այն նախաձեռնությանը, որի համաձայն, թատրոնը միավորվելու է մեկ այլ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ, իսկ տարածքը տրամադրելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ 

«Քաղաքականացվում է հարցը. ահա՛, եկան նոր իշխանությունները և փակեցին թատրոնը։ Կառավարությունն արջի ծառայություն է մատուցում ինքն իրեն՝ փակելով թատրոնը․ սա կարող է վերածվել ևս մեկ հարթակի՝ որտեղ իրենք նորից պետք է պայքար մղեն իրենց իշխանությունն ամրապնդելու համար։

Եթե վարչապետը տեղյակ է խնդրին, վատ է, եթե տեղյակ չէ, կրկնակի վատ է. մի՛ փորձեք մեզ վտարել մեր տնից։ Համոզված եմ, որ թատրոնի շենքը պետք է ինչ-որ մեկին, շուտով կպարզվի, որ սեփականացվել է ոմն x-ի կողմից. ամբողջ ընդհատակյա գործունեությունը գնում է տարածքի համար․ սիմֆոնիկ նվագախումբն էլ չի մնա այնտեղ։ Կանգնե՛ք, քանի ուշ չէ, գործընթացը հղի է անկանխատեսելի հետևանքներով. մեզ չարացնում, ագրեսիվ ու բողոքավոր են դարձնում»,- ասաց Սամսոն Ստեփանյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--0--ԿԿ