Մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն. Վարդան Պետրոսյանը՝ թատրոնների միավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հույժ անձնական կարծիք» վերտառությամբ գրառում է արել՝ նշելով.

«Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ ը, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ։

Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն: Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ։

Այս որոշման իրագործումը ցավալի հետևանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում։

Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից եւ վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»:

--00--ԱԹ