Երիտասարդների և մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին ու մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Քրեական ոստիկանության ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացան, որոնք իրացրեցին՝ համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողների հետ։

Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան-Մեղրի ճանապարհի 208-րդ կիլոմետրին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, Սիսիանի բաժին բերման ենթարկվեցին 24 և 26 տարեկան երկու երիտասարդ։ Նրանց անձնական խուզարկությամբ ու մեքենայի զննությամբ մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։

Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվեց քրեական գործ, որն ուղարկվեց Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։ «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք թաքցված էին բեռնախցիկի բարձրախոսի մեջ։

24-ամյա երիտասարդի հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել մի օտարերկրացուց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00--ԱՀ

Տեսանյութեր