Նաիրիի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ոստիկանություն

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները Զորավան գյուղի բնակչի մոտ հայտնաբերել են 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հուլիսի 15-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի մի բնակիչ պատրաստում և պահում է թմրամիջոցներ: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին 50-ամյա տղամարդու տանն ու մեքենայում։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 15 գրամից ավելի քաշով։ Նմանատիպ 5 գրամից ավելի քաշով զանգված ու ծալովի դանակ հայտնաբերվեց նաև «Ֆորդ» մակնիշի մեքենայի սրահում։ Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: