Տավուշ ամրոցի տարածքում պեղումները վերսկսվել են․ սպասելիքները մեծ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Հասարակական

Հուլիսի 14-ից Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից:

Հիշեցնենք, որ աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարի և դադարեցվել 44-օրյա պատերազմի պատճառով: Պեղումներն իրականցնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել», -տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը: Միջնաբերդի պարսպի հարակից հատվածում բացվել են սենյակներ:

Տիգրան Ալեքսանյանի խոսքով. «Հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը(հավանաբար 12-13-րդ դդ): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»:

Գիտաշխատողները նշել են, որ սպասելիքները մեծ են:

«Պետք է նշեմ, որ տարածքում նաև ամրակայման աշխատանքների անհրաժեշտություն կա: Մենք ներկայացրել ենք խնդիրը: Մասնակի ամրակայման աշխատանքների դեպքում կարող ենք ընդլայնել նաև պեղման աշխատանքները: Եթե ամեն ինչ ընթանա բնականոն հունով, առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեր պատկերացումներն ամրոցի մասին էականորեն կփոխվեն, կհամալրվեն նոր տեղեկություններով»,-հավելել է Տիգրան Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ:

--00--ԿԿ