Իսրայելին և Հունաստանին մտահոգել են Վարոշայի կարգավիճակը փոխելու Թուրքիայի քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

․

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Երուսաղեմում բանակցությունների ժամանակ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Թուրքիայի կողմից Վարոշա քաղաքի կարգավիճակը փոխելու մտադրության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն:

«Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիպրոսի Վարոշայի շրջանում Թուրքիայի ձեռնարկած քայլերն ու դրանց առնչությամբ խորը մտահոգություն են հայտնել»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ Լապիդն ու Դենդիասը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային ու էներգետիկ հարցեր, ինչպես նաև Իսրայել-ԵՄ հարաբերությունները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին:

Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար ՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:

Թուրքիայի նախագահը կրկնել է իր կոչը՝ Կիպրոսում երկու պետության ստեղծելու մասին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը այս ամսվա սկզբին ասել էր, որ ԵՄ անդամ երկրները երբեք և երբեք չեն ընդունի դա:

--00--ԱՀ