«Գազպրոմ Արմենիան» խուսափում է գազի սակագնի առնչությամբ դիրքորոշում հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Ռուսաստանյան մոնոպոլիստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս պահին որևէ դիրքորոշում չի կարող հայտնել գազի սակագնի առնչությամբ։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից։

Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» հունվարի 8-ից բանակցությունների նոր փուլ են սկսել։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հայաստանցի սպառողների համար գազի սակագինը կպահպանվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման և դրա արդյունավետության բարձրացման հաշվին։

«Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանը 2018 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ արդեն երկու տարի ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերությունը տարեկան 13,4 միլիարդ դրամի վնաս է կրում: 

Չնայած այդ վնասներին և սահմանին գազի գնի բարձրացմանը «Գազպրոմ Արմենիան» պատրա՞ստ է անփոփոխ թողնել գազի սակագինը. հարցին ի պատասխան «Գազպրոմ Արմենիայից» խուսափեցին որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, թե առաջիկայում ընկերությունը հայտարարությւոն կտարածի, որում կլինի պաշտոնական դիրքորոշումը։