Մենք չենք ուզում գնալ հարևանի տուն, մենք ունենք մեր տունը և չենք դժգոհում ու բողոքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

«Մենք չենք ուզում գնալ հարևանի տուն, մենք ունենք մեր տունը և չենք դժգոհում ու բողոքում»,- 24TV-ի հետ հարցազրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Երևանի կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորելու խնդրին։

«Միավորում չի լինելու, մեր թատրոնը լուծարվում է, որովհետև շատ լավ տեղում է մեր շենքը՝ այլ բան անելու համար։ Քանդվում է թատրոնը՝ մեր տունը, իսկ մեզ ասում են՝ հնացած արտահայտություն է, թե թատրոնը մեր տունն է։ Այն, ինչ մեզ համար սուրբ է, այլևս սուրբ չհամարե՞նք․ դա է ժամանակակիցը։ Մենք բոլորս այնպիսի օրեր ապրեցինք և շարունակում ենք ապրել, որ երկրորդային դարձավ այն, ինչն առաջնային էր․ էդպես ո՞ւր ենք հասնելու։ Հասարակությունն այն վիճակում է և այնպիսի բաների միջով անցավ, որ շատերի անտարբերությունն անգամ ընդունելի է։ Այս ամենից հետո ինձ համար դժվար է թատրոն մտնել, խաղալ կերպարներ, մտածել դերերի մասին։ Հայտնի ֆիլմում՝ «Հին օրերի երգում», անդադար սև թուղթ էին բերում, բայց շարունակում էին խաղալ դերասանները, մենք էլ ենք մարտիկներ, բայց այլևս առաջվանը չենք»,- նկատեց Անահիտ Կիրակոսյանը։  

Ավելի մանրամասն դիտե՛ք տեսանյութում։

--00--ԿԿ