Կապանի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Կապանի ոստիկանները: Համայնքային ոստիկանության բաժանմունքի և պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Կապան-Երևան ճանապարհին կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԿամԱԶ» մակնիշի մեքենա:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ներկայացրել է 14 խորանարդ մետր ընկուզենու փայտանյութի ձեռք բերման և տեղափոխման փաստաթղթեր, որոնց մի մասը ժամկետանց էր, մյուս մասը` կասկածելի: Բացի այդ, անզեն աչքով էլ երևում էր, որ փայտանյութը ավելի շատ էր:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք. հայտնաբերվել է շուրջ 25 խորանարդ մետր ընկուզենու փայտանյութ:

Գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին: Հանգամանքները պարզվում են:

--00--ԱՀ