Երկու պաշտոնյա՝ տարբեր ընտրություն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ես նախկին-ներկա տարանջատումը չեմ հասկանում։ Թերեւս՝ շատերը չեն հասկանում եւ չեն էլ կարող հստակ ասել, թե ով է նախկին, ով՝ ներկա։ Եթե Խաչատուր Սուքիասյանն ու Վիգեն Խաչատրյանը ներկա են, իսկ Հայկ Մամիջանյանն ու Իշխան Սաղաթելյանը՝ նախկին, ապա, ուրեմն, աշխարհը գլխիվայր շրջվել է։

Ավելի շուտ՝ ներկա-նախկին պիտակը կպցնող Նիկոլ Փաշինյանն այլ չափորոշիչներ ունի, որոնք մեզ հասու չեն։ Ես նախկին-ներկա-ապագա եւ այլ պիտակներ մերժում եմ ու նախընտրում եմ մարդկանց բաժանել սկզբունքային-անսկզբունք, ծառայամիտ-կայացած, տգետ-գրագետ, խելացի-հիմար չափանիշներով։ Ինձ համար նախկինների մեջ բազմաթիվ մերժելի մարդիկ կային, ներկաների մեջ՝ նույնպես, նախկին պաշտոնյաների մեջ էլ կային պնակալեզներ, հիմա էլ դրանց պակասը չի զգացվում։ Ասենք, ո՞վ կարող է ասել՝ Հրայր Թովմասյանն ու Տիգրան Մուկուչյանն ինչով են միմյանց նման եւ ինչով են իրարից տարբերվում։

Նման են նրանով, որ երկուսն էլ նախկինների օրոք բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Տիգրան Մուկուչյանը եղել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալը, նրա նախարար աշխատած շրջանում նաեւ Քաղաքացիական վերաքննիչ դատարանն է ղեկավարել եւ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել է ԿԸՀ նախագահ։ Հրայր Թովմասյանն էլ իր ծաղկուն շրջանն ապրել է Սերժ Սարգսյանի ժամանակ՝ եղել է ԱԺ պատգամավոր, արդարադատության նախարար, Սահմանադրության եւ օրենքների հեղինակ, ապա դարձել է ՍԴ նախագահ։ Շատ համահունչ կենսագրություն ունեն այս երկու անձինք։ Տիգրան Մուկուչյանի աճին նպաստել է Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանի աճին՝ Գագիկ Հարությունյանը։ Բայց 2018-ից հետո այս երկու պաշտոնյան տարբեր ուղիներ ընտրեցին․ Մուկուչյանը որոշեց ծառայել օրվա իշխանություններին, Թովմասյանը որոշեց չծառայել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ