Արմեն Պապիկյանը հանդես է եկել ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ю

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խոհրդի նիստում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով:

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է Երասխի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի մասին: Նշել, որ Ադրբեջանի շարունակական սադրանքներն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանի և Արցախում շփման գծի երկայնքով իրավիճակի լարմանը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման խաթարմանը: Մասնավորապես, Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո, խախտելով իր իսկ հանձնառությունները, հարձակվեց Հին Թաղեր և Խցաբերդ գյուղերի վրա:

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց: Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, իսկ եռակողմ հայտարարության համապատասխան կետի յուրովի մեկնաբանելու միջոցով փորձում է արդարացնել Հայաստանի հանդեպ իր տարածքային նկրտումները:

Դեսպան Պապիկյանը նշել է նաև, որ Ադրբեջանը, սրելով իրավիճակը, փորձում է անվերջ հետաձգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի, Հելսինկիի Եզրափակիչ Ակտի սկզբունքների կոպիտ խախտում են, և Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգայկին իրավունքի խախտումների կապակցությամբ:

Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը վերստին նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը կարող է հաստատվել միայն ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:

Ելույթն ամբողջությամբ (անգլերեն) հասանելի է այստեղ՝ https://osce.mfa.am/…/statement-on-the-aggression…/9402:

--00--ԱՀ