Վերադասավորումներ, կառուցվածքային փոփոխություններ Ադրբեջանի ԶՈւ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Thumbnail

Ադրբեջանի նախագահի հուլիսի 23-ի հրամանագրերով Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի մի շարք առանցքային պաշտոններում տեղի են ունեցել նոր նշանակումներ ու ազատումներ։ Ինչպես հայտնում է Razm.info-ն, եղել են նաև կառուցվածքային փոփոխություններ։

Ստորև ներկայացնում ենք նոր նշանակումներն ու փոփոխությունները մեր մեկնաբանությամբ։

• Գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը նշանակվել է Ադրբեջանի ՊՆ տեղակալ – նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ։ Թեև պաշտոնապես Օսմանովն այս պաշտոնին նոր է նշանակվում, սակայն, ըստ էության, այս ոլորտը ղեկավարում էր 2020թ. ամռանից։ Նախորդ տարվա հուլիսին նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատված Ֆուադ Մամմադովը մեկ ամիս անց մահացել էր հիվանդությունից։ Մամմադովի ազատումից հետո այդ պաշտոնին նոր մարդ չէր նշանակվել, փոխարենը ոլորտի ղեկավարումը ժամանակավորապես հանձնվել էր այդ ժամանակ ԳՇ պետի տեղակալ – մարտական պատրաստության և ուսուցման գլխավոր վարչության պետ Նիզամ Օսմանովին։

Գեներալ-մայոր Էնվեր Էֆենդիևը նշանակվել է Ադրբեջանի ՊՆ տեղակալ – ցամաքային զորքերի հրամանատար։ Նախկինում Ադրբեջանի ՊՆ-ում նման պաշտոն չի եղել, ուստի այս նոր նշանակմամբ կատարվում է նաև կառուցվածքային փոփոխություն ու ստեղծվում առանձին ցամաքային զորքերի հրամանատարություն։ Ինչ վերաբերում է Էնվեր Էֆենդիևին, ապա նրա կերպարի մասին տեղեկությունները հակասական են։ Էֆենդիևը մինչ այս եղել է Ադրբեջանի ԶՈւ մարտական պատրաստության և ուսուցման գլխավոր վարչության պետը, 2020թ. պատերազմի մասնակից է, պատերազմի ընթացքում և հետո որոշ ժամանակ ղեկավարել է նաև Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսը, քանի որ դրա հրամանատար Խագանի Ջաբրայիլովը հեռացված էր ղեկավարումից։ 3-րդ կորպուսը ներկայումս ղեկավարում է գեներալ-մայոր Մուբարիզ Ռզաևը։

• Գեներալ-մայոր Ազեր Ալիևը նշանակվել է օպերատիվ գլխավոր վարչության պետ՝ այս պաշտոնում փոխարինելով գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովին։ Ազեր Ալիևը մինչ այս զբաղեցնում էր ռազմական ակադեմիայի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնը։

• Գեներալ-մայոր Քենան Սեյիդովը նշանակվել է 5-րդ կորպուսի հրամանատար։ Ադրբեջանի ԶՈւ կազմում որպես «5-րդ կորպուս» ստորաբաժանում գործել է Նախիջևանում, սակայն այն 2013-ին վերափոխվել է և դրա հիմքի վրա ստեղծվել է «Նախիջևանի առանձին համազորային բանակը»։ Այսինքն՝ 5-րդ կորպուսը պատերազմից հետո կազմավորված նոր ստորաբաժանում է։ Նշենք նաև, որ պատերազմի ընթացքում կազմավորվել էր նոր կորպուս՝ 6-րդը, որը որպես ստորաբաժանում մասնակցել էր 2020թ. դեկտեմբերին Բաքվում անցկացված զորահանդեսին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այս կորպուսը կազմավորվել էր պահեստազորայիններից։ Հատկանշական է, որ 5-րդ կորպուսն այդ ժամանակ չէր մասնակցել զորահանդեսին, ինչը կարող է նշանակել, որ կազմավորվել էր ավելի ուշ:

--00--ԱԹ