ԱՄԷ դեսպանը Դավիթ Տոնոյանին հրավիրել է «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այդ մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: 

Խոսելով երկկողմ ռազմական գործակցության զարգացման հեռանկարների մասին՝  ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է գործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին Դավիթ Տոնոյանին է փոխանցել ս.թ. փետրվարի 17-ից 21-ը կայանալիք  «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաթքումի հրավերը: Ընդունելով հրավերը՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության մասնակցությունից բացի, ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, իսկ ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը և զինվորական նվագախումբը կմասնակցեն հանդիսավոր արարողություններին: