Եթե Ադրբեջանը չճանաչի 100-ից ավելի գերիներին, ապա պետք է պատասխան տա նրանց սպանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

«Ադրբեջանը Եվրոպական դատարանի և այլ աղբյուրներով պնդում է, որ պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում ազատազրկված 45 անձ է գտնվում իր մոտ։ Մեր ունեցած ապացուցների, փաստերի, տվյալների հիման, սակայն, եզրահանգում ենք, որ բացի 45 անձից, կա ավելի քան 100 զինծառայող կամ քաղաքացիական անձ, որոնք ինչ-որ մի ժամանակ ողջ վիճակում են գտնվել, այսինքն՝ ունեցել են Ժնևի կոնվենցիայով նախատեսված գերու կարգավիճակ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում գերիների և ռազմագերիների  շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Հիմա մենք գտնվում ենք վեճի փուլում, եթե Ադրբեջանը չճանաչեց նրանց գերեվարման փաստը, ապա պետք է պատասխան տա նրանց կյանքից զրկելու համար»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանին պարտավորեցվել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո, և հարցին՝ այն կարո՞ղ է նախադեպ դառնա մյուս գերիների համար, Զեյնալյանը նշեց, որ  Եվրոպական դատարանի վճիռը միայն ֆինանսական փոխհատուցումը չէ, դա նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել վճիռը, որը ենթադրում է վերականգնել մինչև իրավունքի խախտման դրությունը, մեղավորները բացահայտվեն, ենթարկվեն պատասխանատվության, պատիժը պետք է լինի համաչափ, և մեղավորները պետք է պատիժը կրեն ամբողջությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Գեթ մեկ կետի խախտումը հանգեցնելու է իրավունքի խախտման թարմացման։ 

«Այս վճիռը Ադրբեջանի դեմ կայացված երրորդ վճիռն է, սա ուղենշային դատական ակտ է, և այս իրավական դիրքորոշումները կիրառելի են այլ դեպքերում ևս»,-հավելեց Զեյնալյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ