44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News 

Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Այս մասին այսօր ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ նորընտիր պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում ենք, որ այդ հարցում  նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը  պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով։ Հիմնական հավակնորդ կարող եք համարել այն ֆորմատը, որը վարչապետի կողմից ստեղծվել է, հիմա օրենսդրական լուծումներ ենք փնտրում հանձնաժողովի ստեղծման համար»,- ասաց նա:

Հանձնաժողովի հետ կապված ընդդիմության քննադատությանն անդրադառնալով` Սիմոնյանը պատասխանեց, որ օբյեկտիվության ու ընդդիմության վերաբերյալ գնահատականները հնչեցվել են ընտրություններից առաջ:

«ՀՀ ժողովուրդը ամսի 20-ին այդ բոլոր հարցերի վերաբերյալ պատասխանը տվեց, ու այդ որոշումը քննարկել որևէ մեկը չի համարձակվի»,- նշեց Սիմոնյանը:

--00--ԱԹ